Մ.Հարությունյանն ընդունեց Մեթյու Բրայզային
17 Հունվարի, 2008 00:00Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձան Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացրած առաջարկությունների փաստաթղթին:
Մեթյու Բրայզան նշեց, որ 2008 թվականը վճռական տարի պիտի հանդիսանա բոլորիս համար։ Այսինքն՝ երկու կողմերի բարի կամքի արտահայտության դեպքում հնարավոր է վերջնական համաձայնության գալ եւ լուծել խնդիրը։
Կողմերն անդրադարձան հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակին, և համոզմունք հայտնեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ընթացիկ տարում էլ ավելի կզարգանան ու կխորանան:
Խոսելով խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահների մասին` Մեթյու Բրայզան բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններին և մատնանշեց հայ խաղաղապահների կողմից ցուցաբերած բարձր պատրաստվածությունն ու պատասխանատվությունը:
Կողմերը քննարկեցին նաև մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր: