Մ.Հարությունյանը հանդիպեց Արա Աբրահամյանի հետ
14 Փետրվարի, 2008 00:00Ս.թ փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Միության առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, ՀՀ վարչապետի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը և Միության նախագահության անդամներ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և Հակոբ Մաթոսյանը:
Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը ողջունեց հյուրերին` բարձր գնահատելով Արա Աբրահամյանի ներդրումները մեր զինված ուժերի բարելավման գործում:
Հյուրերը խոսեցին նաև այն մասին, որ վերոնշյալ կոնգրեսը և միությունը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարածաշրջանային զարգացումների նկատմամբ: Նախարարը նշեց նաև, որ շոշափելի է կազմակերպության դերը վերոնշյալ գործընթացում:
Հանդիպման ընթացքում Ա.Աբրահամյանն առաջարկեց ի լրումն այլ բարեգործական միջոցառումների, սահմանել ամենամյա մրցույթ զինծառայողների շրջանում, որի արդյունքներով լավագույնը ճանաչված զինծառայողներին Ռուսաստանի հայերի միության և իր կողմից կտրվի խոշոր դրամական մրցանակ:
Հանդիպման ավարտին Մ.Հարությունյանը «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով պարգևատրեց Արա Աբրահամյանին` ՀՀ զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար: Ինչպես նաև մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: