Մ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահը
29 Փետրվարի, 2008 00:00Ս.թ. փետրվարի 29-ին ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրեցին երկու երկրների միջև առկա համագործակցության բարձր մակարդակը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում` փաստելով նաև, որ առայժմ չի ապահովվում ցանկալի մակարդակը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունում: Այս համատեքստում կողմերը համոզմունք հայտնեցին, որ Հայաստանում ռազմական հարցերով կցորդի նշանակումը իրապես կխթանի հարևան երկրների միջև ռազմական համագործակցության ծրագրերի աշխուժացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային նշանակության հարցերին: Միքայել Հարությունյանն ու Նինո Բուրջանաձեն երկուստեք կարևորեցին երկրների կայուն զարգացումը որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման հիմնական գրավական:
ՀՀ ՊՆ պատվիրակության այցը շարունակվում է: