ԼՂՀ ՃԱՆԱՉՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
8 Ապրիլի, 2008 00:00Կոսովոյի անկախության ճանաչումից և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից հետո առաջարկություններ են արվել ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորության մասին: Այսօր այդ պրոբլեմների շուրջ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հարցազրույց է ունեցել ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանի հետ:
Ինչպե՞ս է Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը հարաբերակցվում Միավորված ազգերի կանոնադրական հրամայականների և պատերազմի վերսկսման սպառնալիքի հետ:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահների քվեարկությունը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի դեմ, ի լրումն 4 դեմ քվեարկածների և 100 ձեռնպահների, վկայում է, որ ՄԱԿ-ի անդամների գերակշռող մասի համար մերժելի է ՄԱԿ-ի որոշումների ընդունման ժամանակ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ու նորմերի համակարգված և անկանխակալ կիրառման սկզբունքի խախտումը:
Ադրբեջանին, ինչպես նաև բանաձևին կողմ քվեարկած մյուս 37 պետություններին դաս է տրվել ՄԱԿ-ում այնպիսի փաստաթղթեր անցկացնելու անթույլատրելիության առումով, որոնք հակասում են իրենց ամբողջականությամբ Միավորված ազգերի միջազգային պայմանագրաիրավական սուբյեկտայնությունը որոշող հիմնական նպատակներին և սկզբունքներին: Միավորված ազգերն այս քվեարկությամբ հաստատեցին, որ իրենց համար ընդունելի չէ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանական բանաձևում միմիայն տարածքային ամբողջականության սկզբունքի միակողմանի արտացոլումը` ժողովուրդների իրավահավասարության սկզբունքի և ազատ ինքնորոշման իրավունքի անտեսմամբ: Գլխավոր ասամբլեան բանաձևի հեղինակներին ի ցույց դրեց Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ իր ունեցած պարտավորությունների խախտման փաստը:
Փաստորեն Ադրբեջանին նաև մատնանշվել է, որ նա պարտավորություններ ունի «ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի»` որպես ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նրա հիմնարար նպատակներից մեկի սահմանման նկատմամբ:
Որո՞նք են ՄԱԿ-ի քվեարկության արդյունքների գլխավոր կողմնորոշիչ ազդակները:
Ընդհանուր առմամբ, քվեարկության արդյունքները կարևոր քաղաքական կողմնորոշիչ ազդակ են, որ ՄԱԿ-ի համար անթույլատրելի է իր իսկ կանոնադրությունը խախտող բանաձևերի ընդունումը Միավորված ազգերի կողմից` կապված իր գլխավոր նպատակի` խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ: Քվեարկության արդյունքներից երևում է, որ ՄԱԿ-ի անդամների մեծ մասը հասկանում է Ղարաբաղյան կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման իրավական պակասավորությունը: Բացառապես Ադրբեջանի կողմից «տարածքային ամբողջականություն» կոչվածի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ապակառուցողական մոդելի պարտադրումը Միավորված ազգերի կազմակերպությանը անհարմար դրության մեջ դրեց հենց ՄԱԿ-ին: Համաշխարհային հանրության այնպիսի ազդեցիկ դերակատարները, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հնդկաստանը, որոնք բանաձևին ասել են «ոչ», ինչպես նաև ՄԱԿ-ի 100 ձեռնպահ անդամները հաստատել են Միավորված ազգերի` բոլոր պետությունների համար գլխավոր և հրամայական առաքելությունը, այն է` պահպանել միջազգային խաղաղությունը:
Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵՍԶՈՒ-ի պայմանագրով սահմանված սպառազինությունների թույլատրելի առաստաղի բազմակի գերազանցման, այդ պետության ղեկավարության աճող ռազմատենչ ճարտասանության պայմաններում ՄԱԿ-ի կանոնադրական պահանջների անտեսման ցուցադրումը աշխարհին ահազանգում են, որ խաղաղության համար իրական սպառնալիք կա այնպիսի կարևոր աշխարհառազմավարական տարածաշրջանում, ինչպիսին է Սևծովյան ավազանը: Այս իմաստով Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ, միջազգային հանրությանը պաշտոնապես հայտարարեցին իրենց մտահոգությունը այն բանի կապակցությամբ, որ Բաքուն պատրաստվում է նոր պատերազմ սանձազերծելու Հարավային Կովկասում: Ադրբեջանի ռազմամոլության չընդունումը Միավորված Ազգերի մյուս կարևոր կողմնորոշիչ ազդակն է:
Ինչպե՞ս եք Դուք գնահատում հայկական կողմի և Ադրբեջանի միջև փոխզիջման հասնելու հնարավորությունը:
Ի հակադրումն ժամանակակից միջազգային իրավունքի նորմերի` Բաքուն չի ընդունում, որ ԼՂՀ-ն առաջնային միջազգային սուբյեկտ է: Ներկայումս ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, թե իր կողմից զիջումը կսահմանափակվի միայն այն բանով, որ ինքը կհամաձայնի շարունակելու Հայաստանի հետ խորհրդատվությունները Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Հանրապետությունը մերժում է ԼՂՀ-ի հետ անմիջական երկխոսության հնարավորությունը: Ադրբեջանն իր հրապարակային քաղաքականությամբ ոչ միայն տապալում է Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը, այլև չի արձագանքում Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսություն իրականացնելու Եվրոպայի Միության հանձնարարականներին (ԵԽԽՎ 2005 թ. հունվարի 25-ի հմ. 1416 բանաձև), թեև ԼՂՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է ԱդրՀ-ի հետ բանակցություններին: Վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը` ուղղված Մինսկի խմբի կազմում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լիազորազերծմանը, ՄԱԿ-ին Ղարաբաղյան կարգավորման` այդ կազմակերպության կանոնադրությանը իրավաբանորեն հակասող բանաձևի պարտադրման փորձը ղարաբաղյան հարցում Բաքվի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշման վկայությունն են:
Այլ կերպ ասած` Ադրբեջանի «զիջումը» հավասարազոր չէ ոչ միայն հայկական կողմի զիջումներին, այլև Մինսկի խմբի կողմից առաջարկվող զիջմանը: Բաքվի դիրքորոշումն իր էությամբ անառարկայական և անհեռանկարային է: Ադրբեջանի այն հայտարարությունները, թե ինքը լիովին հավատարիմ է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, չեն համապատասխանում իրականությանը: Բաքվի այդ ակնհայտորեն ռևանշիստական դիրքորոշման անփոփոխության պայմաններում Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև փոխզիջման հնարավորությունները այս փուլում շատ նվազ են:
Ի՞նչ կասեիք ի պատասխան ՄԱԿ-ի Ղարաբաղյան բանաձևին ՀՀ և ԼՂՀ` որպես միջազգային իրավունքի սուբյեկտների միջև պաշտպանական պայմանագրի կնքման առաջարկության վերաբերյալ:
ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշռող մասը չէր կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ իրենց անկախության համար պայքարող ժողովուրդները Միավորված ազգերի համակարգում ճանաչվում են որպես ժամանակակից միջազգային իրավունքի առաջնային սուբյեկտ: Այս տեսակետը հիմնվում է միջազգային իրավունքի այն սկզբունքների վրա, որոնք արձանագրում են ժողովրդի իրավասուբյեկտությունը հանուն իր ազատագրման մղվող պայքարում: Օրինակ` միջազգային իրավունքի պաշտպանության տակ վերցված այդպիսի ազգային ազատագրական մարմին էր Արևելյան Պակիստանի ժողովրդական լիգան, որն արտահայտում էր բենգալական ժողովրդի` Պակիստանում ապրող մասի անկախությունը և հռչակեց Բանգլադեշի Հանրապետությունը:
Հայ ժողովրդի` Ղարաբաղում ապրող մասի միջազգային իրավասուբյեկտությունը ամրագրված է այն քաղաքական և իրավաբանական փաստով, որ ավելի քան 16 տարի է, ինչ անընդհատ և արդյունավետ կերպով գործում են օրինական, ժողովրդավարական եղանակով ընտրված ԼՂՀ իշխանությունները, որոնք ձևավորվել են 1990 թ. ԽՍՀՄ օրենքի իրավակիրարկման շրջանում` մինչև ԽՍՀՄ լուծարման մասին 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը, անցկացված հանրաքվեով: Այսպիսով` անկասկած կան միջազգային-իրավական հիմքեր ՀՀ և ԼՂՀ միջև միջազգային պայմանագրեր կնքելու համար:
Հայկական կողմի զիջումներին համազոր պատասխան զիջումներից Ադրբեջանի հրաժարման շարունակման դեպքում ԼՂՀ-ն իրավունք կունենա, հաշվի առնելով պատմության դասերը, միջազգային սկզբունքներն ու նորմերը, ԵԱՀԿ հանձնարարականները, տարածաշրջանային խաղաղության պահպանման ավելի արդյունավետ միջոցների և կայուն ու անվտանգ զարգացման մոդելի ընտրության շուրջ դիմել ՀՀ-ի հետ բանակցությունների: Իմ կարծիքով` այս փուլում նպատակահարմար է, շարունակելով պաշտպանության ոլորտում գործնական փոխգործությունը, ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև համագործակցությունը չսահմանափակել որևէ առանձին ոլորտի շրջանակներում:
Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հնարավորությանը:
Ելնելով այն բանից, որ Ադրբեջանը չի դիմում պատասխան զիջումների, որոնք փոքրիշատե առադրելի լինեն ՀՀ առաջարկություններին, Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության փաստի ճանաչումը թվում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի տրամաբանական և արդարացված տարր: Ըստ իս` տվյալ փուլում ավելի պրագմատիկ կլիներ նախքան ճանաչման գործընթացն սկսելը մշակել ԼՂՀ և ՀՀ համագործակցության ռազմավարությունը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման գործում: Այս Ռազմավարության և դրա իրականացման ուղղությամբ քաղաքականության գլխավոր գերակայություններ պետք է լինեն հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության կրկնման երաշխավորված բացառումը, ինչպես նաև երկու ինքնիշխան հայկական պետությունների կայուն, անվտանգ ու ժողովրդավարական զարգացման ապահովումը` նրանց առաջադիմական միջազգային ինտեգրման համատեքստում: Ազգային գերակայությունների ամբողջ շրջանով մեկ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի դաշնակցային համագործակցության համաձայնեցված ռազմավարություն ունենալը հնարավորություն կտա մշակելու միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականություն, ինչպես նաև պլանավորելու նրա արդյունավետ ապահովումը:
Ինչպիսի՞ն պետք է Ձեր կարծիքով լինի ԼՂՀ ճանաչման գործընթացի մեկնարկը:
Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, հետամուտ լինելով միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին ու նորմերին, կարող են հաստատութենացնել միջպետական համագործակցությունը: Խոսքը վերաբերում է խաղաղության պահպանման և իրենց կայուն անվտանգ զարգացման հարցերում ՀՀ և ԼՂՀ համագործակցության ռազմավարության մշակման և իրականացման գծով համատեղ Միջպետական հանձնաժողովի ձևավորմանը: Պետությունների ղեկավարների գլխավորած այս Միջպետական հանձնաժողովի քարտուղարության կազմում կարող են ներգրավվել ԼՂՀ և ՀՀ նախագահների, խորհրդարանների, ինչպես նաև կառավարությունների լիազոր ներկայացուցիչները:
Միջպետական հանձնաժողովի գործունեության կոնկրետ իրավաքաղաքական արգասիքները, այդ թվում` պայմանագրերի նախագծերը, կարելի կլիներ փորձաքննության ներկայացնել ոչ միայն կողմերի պետական հաստատությունների, այլև` անհրաժեշտության դեպքում, Սփյուռքի և միջազգային հանրության հեղինակավոր կազմակերպությունների: Ռազմավարության և քաղաքական, տնտեսական, պաշտպանական ու տեղեկութային ռեսուրսների պլանավորման, կուտակման, համադասման և նպատակային իրացման կենտրոնում պետք է դրված լինեն հայկական պետականության` ի դեմս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, երկմիասնության ամրապնդման և առաջադիմական զարգացման շահերը: Չեմ բացառում նաև այն, որ ժամանակի ընթացքում Միջպետական հանձնաժողովը ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմավարական հարաբերությունները փոխակերպի երկու ինքնիշխան եղբայրական պետությունների միջև փափուկ համադաշնային համագործակցության:
Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Մինսկի խմբի հեռանկարներին:
Իմ կարծիքով` Մինսկի խումբը կուտակել է Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև միջնորդության մեծ փորձ և ամենևին էլ չի սպառել իր կառուցողական ներուժը: