ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի ուղերձը հայ խաղաղապահներին

21 Ապրիլի, 2008 00:00
Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի խաղաղապահներ.

Այսօր դուք թե° Կոսովոյում, թե° Իրաքում իրականացնում եք ձեր առաքելությունը պատվով և հայ զինվորին հատուկ բարձր կարգապահությամբ ու մարտական ոգով:
Դրա մասին են վկայում ձեր առաքելության ընթացքում  լեհական, հունական և ամերիկյան ստորաբաժանումների հրամանատարությունների կողմից ստացված բազում շնորհակալական նամակներն ու ուղերձները` ուղղված ՀՀ Զինված ուժերի հրամանատարությանը:

Այսօր Ձեր կողմից իրականացվող առաքելությունը դարձել է յուրաքանչյուր երկրի զինված ուժերի կարևորագույն խնդիրներից մեկը: Չի° կարելի պատկերացնել երկրագնդի վրա  հակամարտությունների մի այնպիսի տարածաշրջան, որտեղ չզգացվի խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության անհրաժեշտությունը: Ձեր ծառայությունն իր բնույթով դարձել է ժամանակի հրամայականը: Դուք մինչ այսօր, և, վստահ եմ , որ այսուհետ նույնպես, բարձր կպահեք ՀՀ զինված ուժերի ձեռք բերած բարի համբավը, հայ զինվորի պատիվը, կլինեք ձեր ծառայակից յուրաքանչյուր օտարերկրացի զինվորի համար կարգապահության և մարտական բարձր ոգու օրինակ: Ստանձնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը ողջունում եմ բոլորիդ` դժվարին, բայց արժանապատիվ ծառայությունն իրականացնելու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ առողջություն, համբերություն և բարի վերադարձ Հայրենիք:
  • Տարածել