Ս.Օհանյանը մասնակցեց Մ.Մելքոնյանի անվան ՌՄՎ սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը
24 Մայիսի, 2008 00:00Ս.թ. մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան` ներկա լինելու վարժարանի ավարտական դասարանի սաների վերջին զանգի հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ:
Նախ վարժարանի սաները մեկ րոպե լռությամբ ծնկաչոք հարգեցին ազգային հերոս Մոնթե Մելքոյանի հիշատակը, այնուհետև արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց վարդապետ Աբրահամյանը.
«Պարոն նախարար, հարգարժան ներկաներ, սիրելի սպաներ,
Այս պահին առաքում ենք մեր աղոթքները, որ այս գեղեցիկ օրը ևս մեկ անգամ մեզ պարգևեց իրար հետ հանդիպելու և տոնախմբվելու առիթ: Հիրավի, որ գեղեցիկ և սքանչելի օր է, քանզի այսօր հայ առաքելական եկեղեցին իր օրացույցի մեջ մի կարևոր և գեղեցիկ տոն է տոնում` մեր հավատքի հոր` Սուրբն Գրիգոր Լուսավորչի տոնը: Սա մեր մտքի և հոգու տոնն է: Այս առիթով նախ և առաջ շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին, հայ ազգին` այս սքանչելի տոնի առթիվ, խնդրում բարեխոսությունը Սուրբ Գրիգոր Լուսավորչի` առ Աստված, որ նա մեզ պարգևի գեղեցիկ և սքանչելի օրեր: Ուստի ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի կապակցությամբ, և մաղթում, որ Տերը անսասան, և իր հովանու, և իր աջի տակ պահի մեզ ամենքիս: Ամեն»:
Ապա սաներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն իր շնորհավորական խոսքում մասնավորապես ասաց.
«Հարգելի հայրենակիցներ, պարոնայք գեներալներ և սպաներ, Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սիրելի սաներ
Նախ թույլ տվեք պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, ղեկավարության և անձամբ իմ անունից շնորհավորել ձեզ` ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Այս օրը հատկանշական է ոչ միայն մեր զինված ուժերի, այլ նաև մեր ժողովրդի համար. ասյօր մեր դպրոցականները, ուսումնառության օրրաններն ավարտած, ուսում առած, հրաժեշտ են տալիս դպրոցներին:
Այս տարիների ընթացքում դուք ձեռք եք բերել համապատասխան գիտելիքներ, որոնք ձեզ անհրաժեշտ են լինելու, առաջին հերթին, բարձր մակարդակով հանձնելու ավարտական, այնուհետև տարբեր` այդ թվում նաև ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները, և հետագայում ընտրելու այն մասնագիտությունը, որով առաջնորդվելու եք:
Շնորհավորում եմ բոլորիդ` մաղթում կանաչ ճանապարհ, հաջողություն, երջանկություն:
Այսօր պետք է հիշենք նաև բոլոր նրանց, ում կյանքի շնորհիվ կանք, ապրում ենք խաղաղ պայմաններում և արարում` հիշելով նաև մեր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանին, նրա անցած ճանապարհն ու հերոսությունները, որոնք օրինակ պետք է լինեն և արտացոլվեն մերօրյա ուսուցման և խաղաղ պայմաններում:
Շնորհավորում եմ»:
Շնորհավորական խոսքով սաներին ողջունեց նաև Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հանրակրթական առարկաների դասավանդող Ռ. Նավասարդյանը.
«Հարգելի պարոն նախարար, հարգարժան հրամանատարներ, սիրելի ծնողներ հյուրեր,
Շնորհավորում եմ բոլորիս` վերջին զանգի կապակցությամբ: Ամեն անգամ, երբ կյանք ենք ճանապարհում հերթական շրջանավարտներին, կարծես մեր հոգու մի մասնիկն էլ ենք փոխանցում նրանց:
Վարժարանի հրամանատարությունը, անձնակազմը արել է ամեն ինչ, որպեսզի ձեր պատանեկան երազանքը մարմին առնի: Համոզված եմ, որ ձեր երակներում հոսում է մեծ Մոնթեի արյունը, և ուր էլ լինեք, միշտ բարձր կպահեք մեր վարժարանի պատիվը: Դուք կոփեցիք այստեղ ձեր մարմինն ու հոգին, ստացաք կայուն գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ քայլել աներեր և տա Աստված, որ դուք դառնաք խաղաղության զինվորներ` հանիրավի չօգտագործել ձեր զենքը: Կյանքի գնով պահեք մեր նախնիների արյամբ սրբագործված հողը: Բարի երթ ձեզ, սիրելի սաներ»:
Շնորհավորական խոսք հղացան նաև նարժարանի սաները և նրանց ծնողները: Հանդիավոր արարողությանը եզրափակեցին վարժարանի սաները` շարային հանդիսավոր երթով, որից հետո Ս.Օհանյանը առանձնազրույց ունեցավ ծնողների հետ` հավաստիացնելով, որ կրթական մակարդակը վարժարանում պետք է հասցնել այն աստիճանի, որ ավելի բարձր լինի, քան քաղաքացիական դպրոցներում: Ս.Օհանյանը ծնողներին հավաստիացրեց նաև, որ ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների ընթացքում հավասար միավորներ ստանալու դեպքում առավելությունը տրվում է ռազմամարզական վարժարանի շրջանավարտներին:
ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն մաղթեց վարժարանում ուսումը շարունակող սաներին և ուղևորվեց «Փոքր Մհեր» կադետասեպուհական կրթահամալիր: