Կայացավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստը
24 Հունիսի, 2008 00:00Ս.թ հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Նիստի սկզբում Ս.Օհանյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց հանձնաժողովի նախագահի նորանշանակ տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանին:
Նիստի ընթացքում քննարկվեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի դիմումը` հանձնաժողովի աշխատանքներում իրեն ևս ընդգրկելու վերաբերյալ, որին և հանձնաժողովը տվեց դրական կարծիք:
Այնուհետև, նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարությունների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Հանձնաժողովի քարտուղարը, որն ավարտվեց քննարկումներով:
Հանձնաժողովն անդրադարձավ 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում անհայտ կորած շուրջ 72 ազատամարտիկների վերաբերյալ վերջերս ինտերնետային կայքէջերում հայտնված տեսանյութին, լսեց նիստին մասնակից և 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի պաշտպանական գործողությունների հրամանատարներ, պարոնայք գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանին, Արտուշ Հարությունյանին, Աստվածատուր Պետրոսյանին, ինչպես նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, որոնք մանրամասներ ներկայացրեցին Հանձնաժողովին` վերջին տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հանձնաժողովը որոշեց.
1. Տեղանքը լրահետախուզելու, դիտարկելու և լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով Հանձնաժողովի քարտուղարի գլխավորությամբ աշխատանքային խումբ գործուղել ԼՂՀ Մարտակերտի շրջան:
2. Պետական համապատասխան մարմինների աջակցությամբ վերոնշյալ ազատամարտիկների դիակների ԴՆԹ հետազոտմանն ու արտաշիրիմմանն ուղղված աշխատանքներին ներգրավել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովին` դրանք առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
3. Ս.թ. հունիսի 26-ին, ժամը 17:00 ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացնել անհայտ կորածների հարազատների և գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հանդիպում:
4. Ս.թ. հունիսի 29-ին, ժամը 11:00 Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնուհետև Երևանի Կամերային երաժշտության տանն անցկացնել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված ցերեկույթ:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստն ավարտեց եզրափակիչ խոսքով: