Կայացավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստը

24 June, 2008 00:00
Ս.թ հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Նիստի սկզբում Ս.Օհանյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց հանձնաժողովի նախագահի նորանշանակ տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանին: Նիստի ընթացքում քննարկվեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի դիմումը` հանձնաժողովի աշխատանքներում իրեն ևս ընդգրկելու վերաբերյալ, որին և հանձնաժողովը տվեց դրական կարծիք: Այնուհետև, նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարությունների կատարման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Հանձնաժողովի քարտուղարը, որն ավարտվեց քննարկումներով: Հանձնաժողովն անդրադարձավ 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում անհայտ կորած շուրջ 72 ազատամարտիկների վերաբերյալ վերջերս ինտերնետային կայքէջերում հայտնված տեսանյութին, լսեց նիստին մասնակից և 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի պաշտպանական գործողությունների հրամանատարներ, պարոնայք գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանին, Արտուշ Հարությունյանին, Աստվածատուր Պետրոսյանին, ինչպես նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, որոնք մանրամասներ ներկայացրեցին Հանձնաժողովին` վերջին տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանձնաժողովը որոշեց. 1. Տեղանքը լրահետախուզելու, դիտարկելու և լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով Հանձնաժողովի քարտուղարի գլխավորությամբ աշխատանքային խումբ գործուղել ԼՂՀ Մարտակերտի շրջան: 2. Պետական համապատասխան մարմինների աջակցությամբ վերոնշյալ ազատամարտիկների դիակների ԴՆԹ հետազոտմանն ու արտաշիրիմմանն ուղղված աշխատանքներին ներգրավել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովին` դրանք առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: 3. Ս.թ. հունիսի 26-ին, ժամը 17:00 ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացնել անհայտ կորածների հարազատների և գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հանդիպում: 4. Ս.թ. հունիսի 29-ին, ժամը 11:00 Եռաբլուր զինվորական պանթեոնում, այնուհետև Երևանի Կամերային երաժշտության տանն անցկացնել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված ցերեկույթ: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստն ավարտեց եզրափակիչ խոսքով: