Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին
2 Օգոստոսի, 2008 00:00Ս.թ. օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին և ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում:
Այնուհետև դեսպանը նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին:
Իր հերթին Ս.Օհանյանը շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կթևակոխեն զարգացման որակական նոր փուլ` վերջինիս պաշտոնավարման ընթացքում` հաջողություն մաղթելով նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին տնտեսական ու քաղաքական ոլորտներում ունեցած լուրջ ձեռքբերումները, որոնց հիմքում ընկած են հայ և պարսիկ ժողովուրդների եղբայրական հարաբերությունները:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին վերջինիս խորացման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ նման անկեղծ քննարկումները կրկին կվերահաստատեն Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և երկկողմ համագործակցության խմդիրներում:
Կողմերը հույս հայտնեցին, որ դարերի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտը կշարունակի հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության:
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: