Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

2 August, 2008 00:00
Ս.թ. օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին և ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում: Այնուհետև դեսպանը նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին: Իր հերթին Ս.Օհանյանը շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կթևակոխեն զարգացման որակական նոր փուլ` վերջինիս պաշտոնավարման ընթացքում` հաջողություն մաղթելով նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին տնտեսական ու քաղաքական ոլորտներում ունեցած լուրջ ձեռքբերումները, որոնց հիմքում ընկած են հայ և պարսիկ ժողովուրդների եղբայրական հարաբերությունները: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին վերջինիս խորացման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ նման անկեղծ քննարկումները կրկին կվերահաստատեն Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և երկկողմ համագործակցության խմդիրներում: Կողմերը հույս հայտնեցին, որ դարերի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտը կշարունակի հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում: Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: