Վերադարձավ Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող վերջին հերթափոխը
7 Հոկտեմբերի, 2008 00:00Ս.թ. հոկտեմբերի 7-ին Երևանի Զվարթնոց օդանավակայանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 12-րդ խաղաղապահ բրիգադի` Իրաքում հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների զորախմբի 8-րդ` վերջին հերթափոխի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանը և ներկայացուցիչներ ՀՀ ԶՈւ հրամանատարական կազմից:
Խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զորախումբն Իրաքում գործում էր Լեհաստանի գլխավորած Կենտրոն-Հարավ բազմազգ դիվիզիայի հրամանատարության ենթակայությամբ. 46 զինծառայողներից` սակրավորներ, բժիշկներ և վարորդներ, բաղկացած այս հերթափոխը Իրաք էր մեկնել ս.թ. հուլիսի 24-ին և հայրենիք վերադարձավ նախատեսվածից շուտ` խաղապահ առաքելությունն այլևս ավարտված համարելու մասին որոշման համաձայն:
Հարկ է նշել, որ 2004թ.-ից ի վեր Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր զորախումբն ունեցել է միայն մեկ վիրավոր. ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյան (2006թ.-ի 4-րդ հերթափոխ):
Միջոցառումն ավարտվեց հայ խաղաղապահների հանդիսավոր քայլերթով, որից հետո ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանը պատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ Իրաքում խաղաղապահ գործունեության իրականացման անհրաժեշտությունն աստիճանաբար նվազում է. «Իրաքում քաղաքական իրավիճակն արդեն գտնվում է այդ երկրի պետական կառույցների հսկողության ներքո, և խաղաղապահ գործունեության մեր մասնաբաժինն այլևս համարվում է ավարտված, ինչի վերաբերյալ որոշումն ընդունվել է կողմերի համաձայնությամբ»:
«Հայ խաղաղապահների զորախումբը, պատվով կատարելով իր առջև դրված խնդիրները, վերադարձել է հայրենիք և չի բացառվում, որ վերջիններս` մասնավորապես, սակրավորներն ու բժիշկները, խաղաղապահ առաքելություն իրականացնեն նաև Աֆղանստանում, իսկ նման որոշումներն ընդունվում են պետության և զինված ուժերի ղեկավարության` Ազգային Ժողովի և գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,-եզրափակեց գեներալը:
Իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարի պաշտոնակատար, գնդապետ Ա. Սիմոնյանի հավաստմամբ, շարունակվում են խաղաղապահ բրիգադի համալրման աշխատանքները, որոնք ընթանում են ըստ մշակված ժամանակացույցի և որոնք ծրագրված է ավարտել 2011թ.-ին: Ըստ նրա` կամավորության սկզբունքով որակյալ զինծառայողների ընտրությունը բարդ է, քանի որ արտերկրում մեր զինված ուժերը ներկայացնող զինվորականները պետք է լավագույնները լինեն: