Ս.Օհանյանն ընդունեց բրիգադի գեներալ Հ.Վիերմանին
6 Նոյեմբերի, 2008 00:00Ս.թ. նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Գերմանիայի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական դեպարտամենտի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Հանս Վերնա Վիերմանի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրե Վիկտորինին:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բրունո Պաուլուսը:
Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին` նշելով, որ պատվիրակության այցը Հայաստան նպաստում է ձևավորված երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը փաստեց, որ երկու երկրների միջև ձևավորվել են ռազմաքաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք պետք է ծառայեցնել ի շահ երկու երկրների զարգացման: Նախարարը փաստեց նաև, որ համագործակցությունն արդյունավետ է հատկապես ռազմական բժշկության, ռազմական կրթության և իրավական ոլորտներում, ինչի շրջանակներում էլ իրականացվում է փորձի փոխանակում:
Ս.Օհանյանը նշեց նաև, որ ցանկալի է հարաբերություններ զարգացնել նաև խաղաղապահ գործողությունների ոլորտում` փաստելով, որ ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում անցկացված «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններն ապացուցեցին, որ ՀՀ զինված ուժերը տիրապետում են փոխգործունակության զարգացմանը:
Իր հերթին բիրգադի գեներալ Հ. Վերնա Վիերմանը Ս.Օհանյանին փոխանցեց ԳԴՀ պաշտպանության նախարարի բարեմաղթանքները, նշելով, որ նման հանդիպումները բարի ավանդույթ են դառնում:
Գեներալ Վիերմանը նաև շնորհակալություն հայտնեց նախարարին` ՀՀ զինված ուժերի կողմից Իրաքում խաղաղապահ առաքելությունը պատվով իրականացնելու, ինչպես նաև Կոսովոյում խաղաղապահ գործողություններին ներգրավվածության համար:
Հանդիպման ավարտին Ս.Օհանյանը հավելեց, որ ողջունելի են տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության և համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը:
Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: