Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ` պաշտպանության նախարարությունում
13 Հունվարի, 2009 00:00Ս.թ. հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 20-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպաման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվեցին միջոցառման մասնակիցների` Հայաստան կատարելիք այցի և այս շրջանակներում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մանրամասներ:
Հաստատվեց իրականացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է ցուցահանդես` «Աֆղանական պատերազմը» խորագրով, հանդիպումներ զինծառայողների, ռազմամարզական վարժարանների սաների, հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլլեկտիվների և աշակերտների հետ, աֆղանական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանների համատեղ այցելություններ մայրաքաղաքում, մարզային կենտրոններում և համայնքներում պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձաններին, այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «Հաղթանակ» զբոսայգի, արխիվային տեսաֆիլմերի և տեսանյութերի ցուցադրություն, համերգային միջոցառումներ, սուրբ պատարագի մատուցում սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցում և այլն, ինչպես նաև հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, մամլո-ասուլիս:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը:
Ապա հանձնաժողովի անդամները նախանշեցին անելիքները մոտ ապագայում: