Պարզաբանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը
18 Փետրվարի, 2009 00:00Ի պատասխան ս.թ. փետրվարի 18-ին «Ուրբաթ» ակումբում «Բանակի մասնակցությունը մարտի 1-ին» թեմայով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է որոշ պարզաբանումներ:
ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենքով սահմանումը, սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և Վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:
Զինված ուժերի օգտագործման համար հիմք է ծառայել ՀՀ Նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ` համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերի:
Վերոնշյալ հրամանագրի 3-րդ կետի համաձայն արտակարգ դրության իրականացման ապահովումը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը և պաշտպանության նախարարությանը: Ելնելով վերոնշյալ հրամանագրի 3-րդ կետից, ինչպես նաև ըստ «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության» Կանոնագրքի 17-րդ հոդվածի, Երևանի կայազորի պետի կողմից մշակված և ԶՈՒ ԳՇ պետի կողմից հաստատված արտակարգ դրություն հայտարարելու դեպքերի համար միջոցառումների ծրագրի համաձայն, Երևանի կայազորի կազմում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներն ընդգրկվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության միջոցառումներում:
Զինծառայողների կողմից պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանումը և պահպանվող օբյեկտի վրա բացահայտ հարձակման դեպքում զենքի կիրառումը նույնպես կանոնակարգվում է վերոնշյալ Կանոնագրքի 120-րդ հոդվածի դրույթների համաձայն:
Պետական հատուկ նշանակության օբյեկտները պահպանության տակ վերցնելու գործընթացն ՀՀ զինված ուժերը սկսել են ժամը 22:25-ից` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագրի հայտարարումից հետո` այդ հրամանագրի կատարումն ապահովելու նպատակով: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ստեղծվել է Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունները համակարգող շտաբ` Երևանի կայազորի պետի գլխավորությամբ:
Գործողություններում ներգրավվել են բացառապես Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումները, որոնց ցուցակը հաստատում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը` «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության» Կանոնագրքի 7-րդ հոդվածի համաձայն: ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումներ չեն օգտագործվել: ՀՀ ԶՈւ զինծառայողները ներգրավվել են պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանության գործընթացում, որը որևէ հատուկ պատրաստություն չի պահանջում:
Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումներին տրվել է ուժի կիրառումից ձեռնպահ մնալու հրաման: ԶՈՒ ստորաբաժանումները ոչ միայն հրազեն չեն կիրառել, այլև չեն իրականացրել հասարակական կարգի վերականգնման որևէ գործողություն: Այդպիսի գործողություններ իրականացրել են ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, այդ թվում նաև ՀՀ ոստիկանության զորքերը: Վերջիններիս անձնակազմը կրում է նույն դաշտային համազգեստը` ինչ ՀՀ զինված ուժերի անձնակազմը: Այդ պատճառով ոմանց մոտ առաջանում է ՀՀ զինված ուժերի` հասարակական կարգի վերականգնման գործողություններին մասնակցելու մասին թյուր կարծիք: