Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ
25 Ապրիլի, 2009 00:00Ս.թ ապրիլի 25-ին պաշտպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2008թ. աշնանային զորակոչի արդյունքները, ինչպես նաև քննարկվեցին ու առաջադրվեցին խնդիրներ, որոնք առնչվում էին 2009թ. գարնանային զորակոչի պատշաճ կազմակերպմանը անցկացմանը:
Խորհրդակցությունը, որին հրավիրվել էին նաև պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների պետեր, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ, վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով 2008թ. աշնանային զորակոչի արդյունքների և 2009թ. գարնանային զորակոչի խնդիրների մասին, գլխավոր շտաբի պետն ընդգծեց զորակոչի թե դրական դրսևորումները և թե որոշակի բացթողումները: Յուրի Խաչատուրովն անդրադարձավ զորակոչվածների թվաքանակին, նրանց կրթական մակարդակի վերլուծությանը, որպես մասնագետներ զորակոչվածների, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին: Աշնանային զորակոչի ընթացքում կենտրոնական բժշկական և հանրապետական հավաքակայանի բուժհանձնաժողովների կատարած աշխատանքների արդյունքները ներկայացրեց ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Արտաշես Փարսադանյանը:Զորակոչի խնդիրների և կատարված աշխատանքների մասին ելույթներով ու զեկույցներով հանդես եկան նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը և ուրիշներ: Հանձնաժողովի անդամ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ ներկայացրեց զորակոչից խուսափելու համար հարուցված քրեական գործերի և հետախուզվողների թվաքանակը: Այնուհետև զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու համար զինկոմիսարիատների մի շարք ներկայացուցիչներ, զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով:
«Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, «Վազգեն Սարգսյան» մեդալով՝ երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Սուրեն Խաչատրյանին, Վարդգես Մաթևոսյանին, Կովալենկո Շահգելդյանին և Նվեր Պողոսյանին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց խորհրդանշական նվերներ: