Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ
25 April, 2009 00:00![](/UserFiles/Image/zorakoch-1.jpg)
Խորհրդակցությունը, որին հրավիրվել էին նաև պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների պետեր, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ և զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ, վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով 2008թ. աշնանային զորակոչի արդյունքների և 2009թ. գարնանային զորակոչի խնդիրների մասին, գլխավոր շտաբի պետն ընդգծեց զորակոչի թե դրական դրսևորումները և թե որոշակի բացթողումները: Յուրի Խաչատուրովն անդրադարձավ զորակոչվածների թվաքանակին, նրանց կրթական մակարդակի վերլուծությանը, որպես մասնագետներ զորակոչվածների, զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին: Աշնանային զորակոչի ընթացքում կենտրոնական բժշկական և հանրապետական հավաքակայանի բուժհանձնաժողովների կատարած աշխատանքների արդյունքները ներկայացրեց ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Արտաշես Փարսադանյանը:Զորակոչի խնդիրների և կատարված աշխատանքների մասին ելույթներով ու զեկույցներով հանդես եկան նաև Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը և ուրիշներ: Հանձնաժողովի անդամ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ ներկայացրեց զորակոչից խուսափելու համար հարուցված քրեական գործերի և հետախուզվողների թվաքանակը: Այնուհետև զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալու համար զինկոմիսարիատների մի շարք ներկայացուցիչներ, զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով:
«Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, «Վազգեն Սարգսյան» մեդալով՝ երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետներ Սուրեն Խաչատրյանին, Վարդգես Մաթևոսյանին, Կովալենկո Շահգելդյանին և Նվեր Պողոսյանին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնեց խորհրդանշական նվերներ:
![](/UserFiles/Image/zorakoch-2.jpg)
![](/UserFiles/Image/zorakoch-3.jpg)