Տեղի է ունեցել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում- II փուլ» ծրագրի փակման արարողությունը
13 Դեկտեմբերի, 2022 17:00Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ գործողությունների շրջանակում անցկացված ծրագրի փակման արարողության ժամանակ ամփոփ ներկայացվել է 30 ամիսների համատեղ արդյունավետ աշխատանքը, ևս մեկ անգամ ընդգծվել է ծրագրի կարևորությունը զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: Ծրագիրը նպաստել է պաշտպանության բնագավառում ինստիտուցիոնալ և իրավական փոփոխությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի մի շարք միջոցառումների իրականացմանը։
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ծրագրի իրականացմանն օժանդակող գործընկերներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը բարձր է գնահատել ձևավորված արդյունավետ և հուսալի համագործակցությունը, որի հաջող ընթացքը թույլ է տալիս նախաշնել նաև առաջիկա համատեղ միջոցառումները։
Ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների առանցքային ուղղություններից են մարդու իրավունքների պաշտպանությունն ու ոչ կանոնադրային հարաբերությունների բացառումը, ռազմական կրթության և գիտության զարգացումը, զինծառայողների իրազեկվածության բարձրացումը, զինված ուժերում կանանց ներգրավվածության ընդլայնումը, զինծառայողների սոցիալական պաշտպանության համակարգի արդիականացումը, Արման Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը առաջիկայում ընդգրկելու է մի շարք նոր ուղղություններ։
Ծրագրի գործընկերներն են ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարությունները, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, իրավապահ մարմիններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։