Անպարտելիները

19 Սեպտեմբերի, 2022
2022թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 00:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ինտենսիվ կրակի աջակցությամբ, թշնամին, ավելի քան 50 հատուկջոկատայինների ուժերով, գրոհ է կազմակերպել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկի վրա՝ հարձակվելով միանգամից երկու ուղղությամբ:
Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել և դիրքի անձնակազմի հետ տեղակայվել հարևան դիրքի մատույցներում՝ առավել արդյունավետ կրակ վարելու և հակառակորդին ետ մղելու նպատակով: Սակայն ճեղքումն իրականացնելուց հետո հայտնաբերել է, որ նշված մարտական դիրքն արդեն հայտնվել է թշնամու վերահսկողության տակ և այնտեղ մեծաքանակ ուժեր կան։
Կրտսեր սերժանտ Արզիևը խելամտորեն իրականացրել է խուսավարում և վերադաս հրամանատարությանը փոխանցել ադրբեջանական զինծառայողների կուտակումների կոորդինատները։ Քիչ անց հրետանային միջոցներով նշանառու հարված է հասցվել թշնամուն, ինչի շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։
Նշված գործողության ընթացքում իրեն փայլուն է դրսևորել կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը, որը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին, ինչպես նաև զորամասի հրետանային ստորաբաժանումը։

  • Տարածել