ՊԱՀՀ-ում անցկացվել է գիտակիրառական քննարկում
15 Ապրիլի, 2022 18:02Ապրիլի 11-ից 14-ը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է փորձագիտական գիտակիրառական քննարկում, որին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Մերձավոր Արևելք-Հարավային Ասիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվիրակության անդամները՝ կենտրոնի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ռոջեր Կանգասի գլխավորությամբ:
Քառօրյա քննարկումների շրջանակում պատվիրակության անդամները զեկույցներ և դասախոսություններ են ներկայացրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ժամանակակից պատերազմների, ամերիկյան ռազմակրթական համակարգի և այլ թեմաների վերաբերյալ: Դասախոսություններով հանդես են եկել նաև ՊԱՀՀ ներկայացուցիչները:
Ամփոփելով միջոցառման արդյունքները, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը կարևորել է ռազմավարական ու անվտանգային զարգացումների շուրջ ՊԱՀՀ-ի մասնագետների և արտերկրի գործընկերների մասնագիտական կարծիքների փոխանակումը, բարձր գնահատել նմանաբնույթ քննարկումների նշանակությունն ու արդյունավետությունը: