Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ծրագրերը
2 Նոյեմբերի, 2021 17:07ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով:
ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով հյուրին, ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման և կայուն զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրների, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: