Մամուլի հաղորդագրություն
18 Ապրիլի, 2016 10:25ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ):
Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և վերահսկել օպերատիվ իրավիճակը: