ԶՈՒ ԳՇ ԿԱՊԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԿԱՊԻ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ - ԿԱՊԻ ԵՎ ԱԿՀ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Վիգեն Մկրտչյան

գնդապետ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կապի զորքերի պետ - կապի և ԱԿՀ վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2024 թվականի փետրվարի 14-ին

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ Զինված ուժերի կապի զորքերը ձևավորվել են Արցախյան պատերազմի ընթացքում և անցնելով բավականին բարդ ու դժվարին ուղի՝ ապահովելով զինված ուժերի անընդհատ և հուսալի ղեկավարումը, դարձել են մեր հաղթանակի գրավականներից մեկը:

Պատերազմի սկզբնական փուլում կապի միջոցների, զինվորական կապի մասնագետների պակասը, դեռևս կապի չձևավորված ստորաբաժանումները և զինվորական կապի համակարգը խոչընդոտում էր զինված ստորաբաժանումների ղեկավարմանը:

Զինվորական կապի համակարգի հիմնական ծավալումը սկսվել է 1992 թվականին: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում 1992 թվականին կազմավորվեց կապի վարչությունը և մարտական խնդիրների կատարմանը զուգահեռ սկսվեց իրականացվել կապի զորքերի ձևավորումը: 

1992թ. կազմակերպվեցին պաշտպանության համակարգի կապի հանգույցները: Զինված ուժերի ղեկավարման կետերի միջև կապը կազմակերպվել է տարբեր կապուղիներով, որոնք կազմավորվում էին լարային, ռադիո և ռադիոռելեային կապի միջոցներով: Ապահովվել է հեռախոսային և ռադիոհեռախոսային կապը տարբեր ռեժիմներում: Կազմակերպվել է գործել նաև գլխավոր շտաբի սուրհանդակափոստային կապի հանգույցը, որն ապահովում էր թղթակցության ու զինվորական փոստի շուրջօրյա առաքումները:

1992թ. կազմավորվել է առանձին կապի գունդը և առանձին կապի գումարտակը: Զորամասերի կազմավորմանը զուգահեռ` զորամասերի անձնակազմը հերթափոխերով մասնակցում էր մարտական գործողություններին:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կապի վարչությունը համապատասխան կառույցների և ստորաբաժանումների միջոցով ղեկավարում էր կապի զորքերը, իրականացնում էր կապի միջոցների և նյութերի մատակարարում, կապի միջոցների վերանորոգման աշխատանքներ: Կապի կազմակերպմանը զուգահեռ ստեղծվել է նաև ուսումնանյութական բազան, պատրաստվել են ուսումնական ծրագրերը:

2002թ. կապի համակարգի կատարելագործման հաջորդ փուլն էր: Այդ աշխատանքները շարունակական են և տարեցտարի ավելի մեծ ծավալների են հասնում: Կատարելագործվել է զորամասերի և ստորաբաժանումների ազդարարման և կապի կազմակերպման համակարգը: Իրականացվում են կապի համակարգի թվայնացման աշխատանքները: Կատարելագործվել է տվյալների փոխանակման համակարգը. կատարվել են զինված ուժերի էլեկտրոնային փոստի զարգացման և ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները: Բացի այդ, նախագծվել և կառուցվել են լոկալ ցանցեր համապատասխան ծրագրային ապահովմամբ, որոնք ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ավտոմատացրել են մի շարք գործառույթներ` էականորեն բարձրացնելով խնդիրների կատարման որակը:

Կապի համակարգի զարգացման ուղղություններից է նրա թվայնացումը: Ստեղծվում է օպտիկաթելային կապի գծերով և համապատասխան թվային սարքավորումներով կազմակերպվող թվային գծային ցանց, ինչն ապահովում է ավտոմատ հեռախոսային կապ: Ներկայումս գործում է թվային հեռախոսային ավտոմատ կապ, որը գործում է բարձր արագությամբ թվային հոսքերով՝ ապահովելով բարձրորակ կապ: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և համակարգի հետագա կատարելագործումը պլանավորված է:

Զարգացման հաջորդ ուղղությունը` զորամասերի մշտական տեղակայման վայրերում կապի և ազդարարման համակարգի կատարելագործումն է, որի ուղղությամբ արդեն տարվել են ծավալուն աշխատանքներ: Կապի համակարգի կատարելագործման հաջորդ ուղղությունը` ռադիո և ռադիոռելեային կայանների վերազինումն է նոր տիպի թվային կայաններով:

2004թ-ին մեկնարկել և առ այսօր շարունակվում է նոր սերնդի թվային ռադիոկայաններով վերազինման ծրագիրը: Կապի հանգույցներում արդեն սկսվել է հայրենական արտադրության կայանների ներդրումը: Այս ամենի հետ զուգահեռ, հաշվի առնելով կապի համակարգի կատարելագործման ուղղվածությունը, կատարվել են և շարունակվում են իրականացվել կապի զորամասերի և ստորաբաժանումների կառուցվածքային ու հաստիքային փոփոխություններ, իրականացվում են աշխատանքներ կապի զորքերում անձնակազմի պատրաստության ուղղությամբ:

2002թ. ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում բացվել է կապի ‎ֆակուլտետ, որտեղ ներկայումս պատրաստվում են կապավոր սպաներ: 

2006թ. ‎‎ֆակուլտետը տվեց առաջին շրջանավարտները: Մեծ ուշադրություն է դարձվում ուսումնանյութական բազայի ստեղծմանը:

2002 թվականից գործում է կապի ուսումնական գումարտակի դաշտային ուսումնական կենտրոնը, պլանավորված է այդ կենտրոնի վերազինումը՝ հաշվի առնելով կապի համակարգի կատարելագործման պլանավորված ուղղությունները: ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կապի ֆակուլտետում և ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտների պատրաստության գործընթացում լայն կիրառում է ստանում համակարգչային տեխնիկայի օգտագործումը: Ռազմական ինստիտուտների կապի ֆակուլտետում լավ հիմքերի վրա է դրված նաև օտար լեզուների, մասնավորապես` անգլերեն լեզվի ուսուցումը: Այս ամենի համար պատրաստված է համապատասխան ուսումնանյութական բազա: Պլանավորման փուլում է գտնվում նշված ուսումնական հաստատությունների համար էլեկտրոնային գրադարանի կազմակերպումը: 

Կարևորելով կապավորների մասնագիտական պատրաստության և դաշտային մարզվածության խնդիրը` յուրաքանչուր տարի ՀՀ զինված ուժերում պլանավորվում և անցկացվում են կապի զորքերի մարտավարա-մասնագիտական զորավարժություններ: Բացի այդ մեծ տեղ է հատկացվում միջազգային, հատկապես հայ-ռուսական համագործակցությանը և համատեղ զորավարժություններին, որոնք անցկացվում են բարձր մակարդակով: Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում, կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր: Դրա վառ ապացույցներից մեկը «Համատեղ ձգտում» կապի զորավարժությունների անցկացումն էր:

2003թ. սկսած ՀՀ ԶՈՒ կապավորները մասնակցում են «Համատեղ ձգտում» զորավարժություններին՝ մշտապես բարձր պահելով Հայաստանի զինված ուժերի պատիվը և արժանանալով զորավարժությունների ղեկավարների բարձր գնահատանքին: 

Կապի համակարգն այն օղակն է, որը հատկապես բազմազգ գործողությունների իրականացման համար հիմնարար նշանակություն ունի, դրանից է կախված համագործակցության արդյունավետությունն ու փոխհամաձայնեցվածությունը: Ուստի նման զորավարժությունները ոչ միայն նպաստում են դրանց մասնակցող ստորաբաժանումների և մասնագետների կարողությունները ստուգելու խնդրի լուծմանը, այլև լավ առիթ են արդյունավետ մեխանիզմներ մշակելու և միասնաբար առաջադրված խնդիրները կատարելու համար: