ԶՈՒ ԳՇ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԶՈՐՔԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԶՈՐՔԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Գևորգ Համբարյան
գնդապետ
Վարչության գործունեության մասին
Ռադիոէլեկտրոնային պայքարը (ՌԷՊ) զորքերի (ուժերի) համաձայնեցված միջոցառումների և գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված հակառակորդի ռադիոէլեկտրոնային օբյեկտների ռադիոէլեկտրոնային խոցմանը, յուրային ռադիոէլեկտրոնային օբյեկտների ռադիոէլեկտրոնային պաշտպանությանը և հակառակորդի հետախուզական տեխնիկական միջոցներին հակազդմանը:
Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցառումներն իրականացվում են զորատեսակների և հատուկ զորքերի կողմից ղեկավարման կետերի և ռադիոէլեկտրոնային օբյեկտների կրակային խոցման (ոչնչացման, գրավման, շարքից դուրս բերման) գործողությունների և հետախուզական, օպերատիվ քողարկման ու այլ օպերատիվ ապահովման տեսակների հետ համատեղ:
Խաղաղ ժամանակ ռադիոէլեկտրոնային պայքարի հերթապահ ուժերն ու միջոցները հետախուզում են հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների և առաջնահերթ օբյեկտների ավտոմատ ղեկավարման համակարգերը և մշտապես հետևում են դրանց:
Ռադիոէլեկտրոնային պայքարի նպատակներն են.
- Հակառակորդի զորքերի (ուժերի) ղեկավարման համակարգերի ապակազմակերպումը,
- Նրա զենքի, մարտական տեխնիկայի և հետախուզական տեխնիկական միջոցների կիրառման արդյունավետության նվազեցումը,
- Յուրային զորքերի (ուժերի) և զենքի ղեկավարման համակարգերի և միջոցների աշխատանքի կայունության բարձրացումը: