Մովսես Գորգիսյան
Մովսես Գորգիսյան
Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին ք. Երեւան: 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: 1986-87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում: 1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ եւ նրա ՙ«Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր: 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ: 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից: 1989թ.-ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով: Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը: 1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի` Նախիջեւանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը: Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք: Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց: Թաղված է Ծիծեռնակաբերդում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996): Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով: