Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության` պահպանելով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2024 թվականի հոկտեմբերին կատարված փոփոխությունների համաձայն՝ պահեստազորում հաշվառված և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիներին հնարավորություն է տրվել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու և ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում նրանց համար պահպանել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այսինքն՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասում պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու և ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում զինծառայողին ենթակա է լինելու հաշվարկման թե՛ զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական ապահովությունը, թե՛ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը:
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիները կարող են ներկայանալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինկոմիսարիատ և տեղեկանալ, թե կրկին ծառայության անցնելու իրենց նախընտրած զորամասը արդյոք ներառված է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված զորամասերի ցանկում: Այդպիսին առկա լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կրկին պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար:
Ներկայացված դիմումի հիման վրա ՊՆ իրավասու կառուցվածքային ստորաբաժանումը հստակեցնում է, թե տվյալ անձի նախընտրած զորամասում առկա է արդյոք ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումային դասակարգմամբ թափուր զինվորական պաշտոն, և արդյոք տվյալ անձի զինվորական հաշվառման մասնագիտացումը համապատասխանում է այդ թափուր զինվորական պաշտոնի զինվորական հաշվառման մասնագիտացմանը: Եթե այո, ապա սահմանված կարգով իրականացվում է պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության ընդունման և համապատասխան զորամասում զինվորական պաշտոնի նշանակման գործընթաց, որը նույնական է պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար օրենքով սահմանված պայմաններին (անձը չպետք է ունենա դատվածություն, ըստ առողջական վիճակի՝ պիտանի լինի զինվորական ծառայությանը, լրացած չլինի ծառայության ընդունման սահմանային տարիքը): Արդյունքում՝ համապատասխան գործընթացի հիման վրա զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում այդ տեղեկությունները ներկայացվում են զինվորական կենսաթոշակ նշանակող, վերահաշվարկող և դադարեցնող մարմին հանդիսացող ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն՝ արդեն իսկ պայմանագրային զինծառայողի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի վճարումը շարունակելու համար:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում սահմանվել են նաև այն դեպքերը, երբ նման կարգավիճակ ունեցող պայմանագրային զինծառայողի համար դադարում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը: Դրանք են՝
1) նույն զորամասում կամ այլ զորամասերում «փոխգնդապետ» կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակումը,
2) ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատված զորամասերի ցանկից դուրս զորամասում որևէ զինվորական պաշտոնի նշանակումը,
3) զինվորական պաշտոնից ազատումը և ՊՆ կադրերի տրամադրության տակ թողնումը:
Օրենքը սահմանել է նաև նման կարգավիճակ ունեցող զինծառայողի կողմից պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք՝ հաշվի առնելով զինվորական ծառայության ստաժը և զբաղեցրած վերջին պաշտոնի գործակիցը, եթե այն ցածր չէ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը սկզբնապես նշանակելու պահին հիմք ընդունված զբաղեցրած վերջին պաշտոնի գործակցից: