Ուսումնական գործընթաց
2017թ. սեպտեմբերից Դիլիջան տեղափոխված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ակադեմիական ուսումնառության համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով:
Վարժարանում ակադեմիական ուսուցումը կազմակերպվում է հանրակրթական ավագ դպրոցի ծրագրով: Նախատեսվում է հետզհետե անցում կատարել Արարատյան բակալավրիատի կրթական ծրագիր:
Ի տարբերություն անցյալ տարիների` 2017 թվականի սաների ընդունելությունն անց է կացվել մրցութային կարգով. 1 տեղի համար պայքարել է 3 դիմորդ: 2017 թվականին վարժարան են ընդունվել 83 սան:
Վարժարանում դասավանդվում են հանրակրթական դպրոցի բոլոր առարկաները: Վարժարանն իր տեսակի մեջ եզակի է որպես տարբերակված հոսքի ուսումնական հաստատություն՝ ի տարբերություն մինչև օրս ստեղծված ընդհանուր հոսքի ուսումնական հաստատությունների: Ավագ դպրոցում երաշխավորված հոսքերի շարքում, թերևս, առավելություն է վարժարանի տարբերակված ուղղվածությունը` մասնագիտացման առումով:
Խորացված ուսումնասիրվում են «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» և «Լեռնային պատրաստություն» առարկաները: Վարժարանում գործում են ռազմական պարերի և նկարչության դասընթացներ, Թումո կենտրոնի համակարգչային լսարանը: Հայաստանի Կարմիր խաչի ընկերությունը վարժարանում 2017թ. փետրվարին կազմակերպեց «Առաջին բուժօգնության» երկշաբաթյա դասընթաց, որին մասնակցեցին վարժարանի բոլոր սաները:
Վարժարանն ունի հարուստ գրադարան, որը համալրվում է նոր հրատարակված գրքերով և ուսումնաօժանդակ գրականությամբ:
Այս պահին վարժարանն ունի չորսական 10-րդ և 11-րդ դասարաններ և երկու 12-րդ դասարան՝ 176 սովորողներով: Վարժարանը համագործակցում է Dasaran.am կայքի հետ, որը հնարավորություն է տալիս ծնողներին հետևել իրենց երեխաների առաջադիմությանը:
Սաներին դասապատրաստումների ժամանակ օգնում են ուսուցիչները, անհարժեշտության դեպքում լինում են անհատական պարապմունքներ:
Վարժարանում գործում են ժամանակակից 13 լսարան, վարժասրահ, մարզադահլիճ, միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և թենիսի խաղահրապարակներ։
Ուսումնական շաբաթը երկուշաբթիից ուրբաթ է։