Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատմություն
Հայաստանի անկախացման առաջին տարիներն ուղեկցվեցին Արցախյան ազատամարտով: Որքան էլ շոշափելի էին պատերազմի ժամանակ ունեցած ռազմական հաջողությունները, այնուամենայնիվ, հստակ էր, որ այդուհետև Հայաստանի և Արցախի անկախությունն ու սահմանները պետք է պաշտպանվեին սեփական ուժերով, որի համար առաջին հերթին պետք էր կանոնավոր բանակ ունենալ: Ազգային բանակ ունենալն անխուսափելի անհրաժեշտություն էր, սակայն այն կայացնելու համար անհրաժեշտ էր հմուտ, փորձառու և մասնագիտացված զինվորականների կայուն հերթափոխ: Հենց այս անհրաժեշտությամբ էր պայմանավորված այն հանգամանքը, որ Արցախյան ազատամարտի վճռորոշ փուլում ՀՀ կառավարության 1993թ. նոյեմբերի 15-ի № 569 որոշման համաձայն լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծվում է ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիր, որին 1994թ. մարտի 14-ի տրվում է ուսումնական զորամասի կարգավիճակ:
1994թ. հուլիսի 28-ին ուսումնական զորամասն անվանակոչվում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անունով:
Իր գոյության ընթացքում վարժարանն ունեցել է 1300 շրջանավարտ: Վարժարանում կրթվել և դաստիարակվել են բանիմաց, հմուտ ու արհեստավարժ զինվորականներ, որոնք պատվով ծառայել ու ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Վարժարանի սաները մասնակցել են նաև բազմաթիվ միջազգային ստուգատեսների և միշտ մրցանակներով վերադարձել հայրենիք՝ բարձր պահելով մոնթեականի պատվաբեր կոչումը:
Կրթության հանդեպ մոտեցումներն աշխարհում այսօր շատ արագ են փոփոխում: Հարկավոր է համաչափ քայլել ու որդեգրել նոր մոտեցումները մանավանդ այնպիսի ոլորտներում, որոնք վերաբերում են հայրենիքի անվտանգությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: Այս հանգամանքը հաշվի առնելով էր, որ վարժարանը տեղափոխվեց Դիլիջանի նորակառույց, միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան համալիր: ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի 983-Ն որոշմամբ՝ վարժարանը վերանվանվել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի:
«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների առաջին նիստը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 30-ին, որի նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախարարը:
Սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ, Դիլիջանում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Բարձրացվել են Հայաստանի Հանրապետության պետական և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դրոշները: Նախարարը հայտարարել է վարժարանի կարգախոսը. «Ճանապարհ դեպի բարձունք», վարժարանի տոն է սահմանվել Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ը:
Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել վարժարանի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ նախագահը: Նույն օրը վարժարանի տարածքում բացվել է նաև Մոնթե Մելքոնյանի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմանջյան):
Տարբեր տարիների վարժարանը ղեկավարել են՝
14.03.1994- 29.07.1997թթ.` փոխգնդապետ Ալեքսան Մինասյանը,
29.07.1997-18.03.2002թթ.` մայոր Սիրական Մինասյանը,
02.09.2002-27.09.2005թթ.` գնդապետ Արմեն Սարգսյանը,
27.09.2005- 23.07.2007թթ.` գնդապետ Ռոլանդ Քելեշյանը,
23.07.2007- 2017թթ.` գնդապետ Վիտալի Ոսկանյանը:
2017թ. օգոստոսից-2023թթ․ դեկտեմբեր - Գեղամ Սարգսյանը:
2023 դեկտեմբերի 27-ից մինչ օրս ՝ Ալեքսանդր Մանուչարյանը։