Ընդունելության կարգը
Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել 18 տարին չլրացած քաղաքացիները, ինչպես նաև մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները, զինծառայողները, պահեստազորում հաշվառված քաղաքացիները, իգական սեռի քաղաքացիները։
Ինչե՞ս դիմել
Յուրաքանչյուր տարվա փետրվար ամսից սկսած դիմորդները պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատներ, իսկ պայմանագրային կամ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողները իրենց զորամասի հրամանատարին, որտեղ կազմվում են անձնական գործեր, և պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում բնակության վայրի զինվորական կոմիսարի անունով, որտեղ նշվում է անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, կրթությունը, որ ՌՌՒՀ-ը և ինչ մասնագիտությամբ է ցանկանում ընդունվել,
- անկետա,
- մասնագիտական ընտրության քարտ,
- ինքնակենսագրություն,
- բնութագիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների համար, ուսման կամ աշխատանքի վայրից՝ քաղաքացիների համար,
- բժշկական քարտ՝ ֆլյուորոգրաֆիկ, ուլտրաձայնային և այլ բժշկական հետազոտությունների վերաբերյալ նշումներով, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերից տեղեկանքներ,
- զինվորական կոմիսարի կողմից հաստատված ծննդյան վկայականի պատճեն՝ երկու օրինակից,
- բնակության վայրի ոստիկանության բաժնում հաշվառված չլինելու մասին տեղականք,
- երեխային ուսման ուղարկելու վերաբերյալ ծնողների համաձայնագրեր (մինչև 18 տարեկան քաղաքացիների համար),
- ատեստատ՝ միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու մասին (պատճեն),
- տեղեկանք ընտանիքի կազմի մասին,
- անձնագրի պատճեն (2-5-րդ էջերը),
- սոցիալական քարտի պատճեն,
- գունավոր լուսանկար՝ (3x4) 4 հատ:
Քննություններ
Ընդունվելու համար դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են`
- Մաթեմատիկա (հանձնված միասնական կարգով, «Բ» տարբերակ),
- Ֆիզիկա (հանձնված միասնական կարգով «Բ» տարբերակ):
Կցագրման վկայականը (զինվորական գրքույկը), անձնագիրը և ատեստատը՝ միասնական քննությունների վկայագրերի հետ դիմորդները ներկայացնում են անձամբ՝ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին ներկայանալու օրը։
Բոլոր դիմորդները կենտրոնացված կարգով ենթարկվում են բուժզննման:
Ընդունող կենտրոնական հանձնաժողովը կազմակերպում է.
- քննություն` ֆիզիկական պատրաստություն առարկայից,
- հարցազրույց «Մասնագիտական կողմնորոշման և հոգեբանական համա-տեղելիության» թեմայով:
Զինկոմիսարիատներն ու զորամասերը դիմորդներին (անձնական գործերով) ՀՀ ՊՆ ընդունող հանձնաժողով են ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարի` ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ հրամանում նշված ժամկետներում (փետրվար-մայիս):
ՀՀ ՊՆ ընդունող հանձնաժողովը ստուգում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, նշանակում բուժզննման և ֆիզիկական պատրաստության քննության օրերը: Բուժզննումն անցկացվում է դիմորդի կողմից նշված ՌՈՒՀ-ի` ընդունվողների առողջական վիճակի համար սահմանված չափանիշներով:
Արական սեռի դիմորդներից ֆիզիկական պատրաստության քննությունների ժամանակ ստուգվում է հետևյալ նորմատիվների կատարումը`
Վարժության անվանումը | Չափման միավորը | Գնահատականները | |||||
Քաղ. երիտասարդներ | Զինծառայողներ | ||||||
Գերազանց | Լավ | Բավարար | Գերազանց | Լավ | Բավարար | ||
Վազք 1000 մ | ր/վայրկյան | 3.15 | 3.25 | 3.35 | 3.20 | 3.30 | 3.40 |
ձգում | քանակ | 11 | 9 | 7 | 13 | 11 | 9 |
Վազք 100 մ | վայրկյան | 13.6 | 14.2 | 14.8 | 14.1 | 14.6 | 15.6 |
Իգական սեռի դիմորդներից ֆիզիկական պատրաստության քննությունների ժամանակ ստուգվում է հետևյալ նորմատիվների կատարումը`
Վարժության անվանումը | Չափման միավորը |
1-ին տարիքային խումբ` մինչև 25 տ. | ||
Գերազանց | Լավ | Բավարար | ||
Վազք 1000 մ | ր/վայրկյան | 4.00 | 4.15 | 4.35 |
Ուժային վարժություն համալիր |
քանակ | 34 | 30 | 26 |
Վազք 100 մ (Մաքոքավազք) | վայրկյան | 16.6 (32.0) | 17.2 (34.0) | 18.0 (36.0) |
Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել միայն սահմանված քննություններից դրական գնահատականներ ստացած և առողջական վիճակով տվյալ ՌՈՒՀ-ում սովորելու համար պիտանի ճանաչված դիմորդները:
Մրցույթը կազմակերպվում է ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի, դիմորդների ծնողների և հրավիրված լրատվամիջոցների մասնակցությամբ:
Մրցույթ
Մրցույթը կազմակերպվում է հետևյալ կերպ.
- ըստ մրցութային առարկաներից հավաքած բալերի (նվազման կարգով)` կազմվում են անվանացուցակներ և այդ հերթականությամբ դիմորդների հետ անցկացվում է հարցազրույց «Մասնագիտական կողմնորոշում և հոգեբանական համատեղելիություն» թեմայով: Հարցազրույցը անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:
Հարցազրույցի ընթացքում իրեն դրականորեն դրսևորած դիմորդը կարող է խորհրդակցել նաև ծնողների հետ և ընտրել այն ռազմական ուսումնական հաստատությունը, որտեղ ուզում է սովորել: Տվյալ ՌՈՒՀ-ում տեղերի համալրվածության դեպքում նրան կառաջարկվի սովորել այլ ՌՈՒՀ-ում:
Հանձնաժողովի աշխատանքների հիման վրա արձակվում է ՀՀ պաշտպանության նախարարի` ընդունելության վերաբերյալ հրամանը:
Ընդունված կուրսանտները համարվում են զինծառայողներ և նրանց հետ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, և 3-րդ մասի 3-րդ կետի` կնքվում է հետագա ծառայությունը շարունակելու վերաբերյալ պայմանագիր:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսումնառության ընթացքում համարվում են ժամկետային պարտադիր զինծառայողներ, և նրանց վրա տարածվում են ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:
Դիմորդներին տրվող արտոնությունները
1. Արտամրցութային կարգով ընդունվում են.
- բարձրագույն ռազմական կրթության ՌՈՒՀ-եր դիմած, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, մասնագիտական ընտրության մյուս պահանջները բավարարող՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողները,
- ռազմամասնագիտական ՌՈՒՀ-եր դիմած, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, մասնագիտական ընտրության մյուս պահանջները բավարարող՝ ծառայողական պարտականությունների կատարման կամ ռազմական գործողությունների ժամանակ զոհված (հետագայում ստացած վերքերից մահացած) զինծառայողների և ազատամարտիկների երեխաներին։
2. Հավասար միավորների դեպքում նախապատվությունը տրվում է.
- բարձրագույն ռազմական կրթության ՌՈՒՀ-եր դիմած, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, մասնագիտական ընտրության մյուս պահանջներր բավարարող՝ կառավարական պարգևներով պարգևատրված զինծառայողներին,
- ռազմամասնագիտական ՌՈՒՀ-եր դիմած, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, մասնագիտական ընտրության մյուս պահանջները բավարարող՝
- ռազմական գործողությունների ժամանակ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների երեխաները,
- կառավարական և գերատեսչական պարգևներով պարգևատրված դիմորդներին,
- ՀՀ ՊՆ ռազմամարզական ուսումնական հաստատություններն ավարտած դիմորդներին,
- անկարգելով (պարաշյուտ) 3-ից ոչ պակաս թռիչք կատարած (օդադեսանտային և ավիացիոն ՌՈՒՀ-եր ընդունվողների համար) դիմորդներին,
- 1 տարուց ոչ պակաս ժամանակահատվածով պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձանց։