ՀՀ ՊՆ Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան կազմավորվել է ՀՀ կառավարության` 1994 թվականի հունիսի 24-ի №279 որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի` 1994 թվականի հունիսի 25-ի №197 հրամանով՝ որպես Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարան, որտեղ 4-ամյա ուսումնական ծրագրերով մեկնարկեց զինվորական մասնագետների պատրաստումը միանգամից 8 մասնագիտություններով: Միաժամանակ, ՀՀ զինված ուժերը սպաներով համալրելու նպատակով քաղաքացիական բուհերի շրջանավարտների համար ուսում¬նարանի բազայի վրա կազմակերպվեցին մեկամյա դասընթացներ: 
Ուսումնարանի առաջին պետ նշանակվեց գեներալ-մայոր Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը (հետագա տարիներին այդ պաշտոնը զբաղեցրել են փոխգնդապետ Ալեքսան Գրիգորի Մինասյանը՝ 1997թ., գեներալ-մայոր Աշոտ Սեդրակի Պետրոսյանը՝ 1997-1998թթ., գեներալ-լեյտենանտ Արշալույս Զավենի Փայտյանը՝ 1998-2000թթ., գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը՝ 2000-2007թթ., գեներալ-լեյտենանտ Գարեգին Աշոտի Գաբրիելյանը՝ 2007-2008թթ., գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանը՝ 2008-2015թթ., գեներալ-մայոր Արմեն Բախշիի Ղահրամանյանը՝ 2015-2019թթ., գնդապետ Խաչատուր Թորոսի Խաչատրյանը` 2019-2021թթ., գնդապետ Արթուր Ներսեսի Երոյանը` 2021-2024թթ.): 2024 թվականից ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետի պաշտոնը զբաղեցնում է գնդապետ Արսեն Բորիսի Մանգասարյանը:

Որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ՝ ՀՀ նախագահի վկայագրով 1994 թվականի հոկտեմբերին Ռազմական ուսումնարանին հանձնվել է Մարտական դրոշ:

ՀՀ կառավարության՝ 1998 թվականի հունվարի 16-ի №24 որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության Բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվել է Ռազմական ինստիտուտի:
1998 թվականին Ռազմական ինստիտուտը տվեց իր 4-ամյա կրթությամբ առաջին շրջանավարտները:
ՀՀ նախագահի՝ 1999 թվականի դեկտեմբերի 27-ի №458 հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2000 թվականի փետրվարի 8-ի №98 հրամանով Ռազմական ինստիտուտն անվանակոչվել է ՀՀ ազգային հերոս, Արցախի  հերոս Վազգեն Սարգսյանի անունով:
ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2004 թվականի հունվարի 27-ի №91 հրամանով Ռազմական ինստիտուտում  սկսել է գործել սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը (2016 թվականից՝ Սպաների որակա-վորման բարցրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոն, 2022 թվականի սեպտեմբերից` ՍՈԲ և ՌՄՈՒ կենտրոնը անվանակոչվել է ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանի անվամբ), որտեղ  վերապատրաստման դասընթացներ է անցնում Զինված ուժերի սպայական կազմը: 
ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2013 թվականի հոկտեմբերի 28-ի №0207 հրամանով կազմավորվել է հրամանատարաշտաբային ֆակուլտետը, որը ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-ի №1356 հրամանով անվանակոչվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունով:
2016 թվականի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության №446-Ա որոշմամբ Ռազմական ինստիտուտը վերակազմավորվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկի: 
ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2016 թվականի օգոստոսի 4-ի №837 հրամանով հաստատվել է Ռազմական համալսարանի կանոնադրությունը:
2023թ. հունիսի 8-ի ՀՀ կառավարության թիվ 914 Ա որոշմամբ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների միաձուլմամբ վերակազմակերպվեց և ստեղծվեց ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկը:
ՀՀ պաշտպանության նախարարության 2023թ. օգոստոսի  11-ի N 1119 հրամանով հաստատվեցին Հայաստանի Հանրապետության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը: