ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին
9 Սեպտեմբերի, 2021 12:46Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Հանդիպման սկզբին ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել խաղաղապահ առաքելության ընթացքում:
Արշակ Կարապետյանը շնորհավորել է նաև գնդապետ Դմիտրի Օվչարովին՝ ՌԴ 102-րդ ռազմական բազայի հրամանատարի պաշտոնում նշանակվելու առիթով և կարևորել Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: