Երիտասարդությունը պետության կարևոր բաղադրիչն է

25 Հունվարի, 2010 00:00
Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպեց ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հակիրճ անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ստեղծման պատմությանը և կայացման ու զարգացման փուլերին: Ս. Օհանյանն ընդգծեց, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում, իսկ 1994թ. մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց, որի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ ու կանոնավոր բանակ` հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Կարևորելով երիտասարդության դերը` Սեյրան Օհանյանն իր ելույթում խոսեց նաև բանակ-ուսանողություն կապի ամրապնդման, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների և դրանց ուղղությամբ իրականացված ու նախատեսվող աշխատանքների մասին: Նախարարն անդրադաձավ նաև ազգային բանակում իրականացվող բարեփոխումներին, կադրերի պատրաստման գործընթացին և բանակային կյանքի կարևոր այլ խնդիրների: Այնուհետև Սեյրան Օհանյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմանականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, պատերազմի վերսկսման հավանականությանը, 18 տարին լրացած արական սեռի ՀՀ բոլոր քաղաքացիներին զինված ուժեր զորակոչելու խնդրին և այլ թեմաների: Հնչեցված բոլոր հարցերին պաշտպանության նախարարը տվեց սպառիչ և բավարար պատասխաններ: Հանդիպման ավարտին ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-ուսանողություն կապի ամրապնդման գործում ներդրած ավանդի և բանակի կազմավորման 18-ամյակի կապակցությամբ մի խումբ համալսարանականներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, հուշամեդալներով և արժեքավոր նվերներով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել