Հիմնադրվեց «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը
27 Հունվարի, 2010 00:00Հայոց ազգային բանակի տոնի նախօրեին` հունվարի 27-ին, Երևանում հիմնադրվեց և պետական գրանցում ստացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը: Նույն օրը նորաստեղծ հասարակական կազմակերպության անդամները եղան «Եռաբլուր» պանթեոնում:
Կազմակերպության հիմնադիրները 7 տարի առաջ Սյունիքի մարզում հիմնել էին «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը լինելու է նորաստեղծ «Հայոց արծիվների» մասնաճյուղերից մեկը:
Կազմակերպության հիմնադիրները 7 տարի առաջ Սյունիքի մարզում հիմնել էին «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը լինելու է նորաստեղծ «Հայոց արծիվների» մասնաճյուղերից մեկը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հավաստմամբ` անցած 7 տարիների ընթացքում Սյունիքի մարզում իրականացված հայրենասիրական, ռազմահայրենասիրական գործունեության շրջանակներն այսօր խիստ անհրաժեշտ է ընդլայնել և տարածել հանրապետության մյուս մարզերում, Արցախում և Սփյուռքում:
Նորաստեղծ հայրենասիրական հասարակական կազմակերպությունն ընտրել է «Իմ միջոցով` ազգիս համար» կարգախոսը: Իսկ 2010 թվականը հայտարարվել է ռազմահայրենասիրության տարի և տարվա ընթացքում իրականացվելու են բազմաբովանդակ հայրենասիրական միջոցառումներ: Ինչ վերաբերում է «Եռաբլուր» պանթեոնում անցկացված միջոցառմանը, ապա դրան մասնակցում էին պետական, հասարակական գործիչներ, ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերից ժամանած հյուրեր:
Միջոցառման ընթացքում Խ. Ասրյանը կարևորեց ազգային բանակի հզորացման գործընթացին յուրաքանչյուրի մասնակցությունը, հայրենասիրական միջոցառումների կազմակերպումը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում կարևորեց «Հայոց արծիվների» ստեղծումը, նրա դերն ու նշանակությունը և ազգային բանակում, և հասարակության շրջանում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն