ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
3 Փետրվարի, 2010 00:00Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերժ Սմեսովին: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրեց հաջորդ շաբաթ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների և հանդիպումների ծրագրերը` հույս հայտնելով, որ դրանց ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազաբովանդակ հարցեր քննարկելու հնարավորություն կընձեռվի:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-ֆրանսիական բարեկամական ամուր կապերին` ընդգծելով սերտ համագործակցային հարաբերությունները տնտեսական, պաշտպանական և քաղաքական տարբեր բնագավառներում: Հանդիպման ավարտին Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ Ֆրանսիա կատարելիք այցից հետո կրկին հանդիպում կկազմակերպվի դեսպանի հետ, որի ընթացքում կքննարկվեն այցի արդյունքներն ու կնախանշվեն հետագա համագործակցության հեռանկարները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն