Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիա
9 Փետրվարի, 2010 00:00Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկի` Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանին: Առանձնազրույցից հետո Ս. Օհանյանը Ֆրանսիայի ԱԳՆ, ՊՆ, գիտնականների, լրագրողների և զինվորականների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասում ՀՀ պաշտպանական քաղաքականության սկզբունքները, առաջնահերթությունները, անվտանգության միջավայրի ազդեցությունը, միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և ՀՀ ՊՆ դիքորոշումը տարածաշրջանի տարբեր գործընթացների վերաբերյալ, պատասխանել է ներկաների հարցերին:
Նույն օրը հայկական պատվիրակությունը մեկնել է Մուրմելոնի ռազմական վարժանքի կենտրոն, հանդիպել է կենտրոնի ղեկավարության և ավագ հրահանգիչների հետ: 1856թ.-ին հիմնադրված կենտրոնը առանցքային դեր ունի Ֆրանսիայի հետևակային, հրաձգային և մոտորահրաձգային, ցամաքային այլ զորատեսակների մասնագետների ուսուցման և վարժանքի գործում: Հայկական պատվիրակության համար կենտրոնում կազմակերպվել է վարժանք, ցուցադրվել են կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները զարգացնելու գործնական ուսումնական մեթոդները:
Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, երկկողմ համագործակցության ծրագրերը և դրանց զարգացման հեռանկարները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն