Պաշտոնական այցով Հայաստանում է Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
25 Մարտի, 2021 13:42Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանց դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ: Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։