ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՀՀ Տավուշի մարզ

10 Մարտի, 2010 00:00
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով մեկնել է Տավուշի մարզ: Բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ Ս. Օհանյանը նախ եղել է մարզում տեղակայված զորամասերից մեկում: Այցը զորամաս համընկել է զինվորների նախաճաշի հետ, ինչը մատուցվող սննդի որակին ու չափաբաժիններին, ճաշարանի կենցաղային և հիգիենայի պահպանման պայմաններին տեղում ծանոթանալու պատեհ առիթ էր: Ս. Օհանյանը ծանոթացել է նաև զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել պարտականությունների իմացությամբ:

Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը Տավուշի մարզպետարանում հանդիպել է մարզի ղեկավարության և համայնքների ներկայացուցիչների հետ: Իր խոսքում Ս. Օհանյանն ընդգծել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը, բնակչության անվտանգության ապահովումը մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Հանրապետության սահմաների պաշտպանության, հակառակորդի ոտնձգությունները կանխելու գործում պաշտպանության նախարարը կարևորել է բանակի և սահմանամերձ գոտիների բնակչության համագործակցությունը: Ս. Օհանյանը և Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը խրախուսել են վերջին ժամանակահատվածում մարզի և պաշտպանության նախարարության միջև ձևավորված համագործակցությունը, ցուցումներ են տրվել համայնքների ղեկավարներին համագործակցության հետագա զարգացման և կատարելագործման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը պատասխանել է զինծառայողների և ազատամարտիկների սոցիալական պաշտպանության, ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանում իրականացվող միջոցառումների, պայմանագրային զինծառայության ներդրման և այլ թեմաների վերաբերյալ համայնքների ներկայացուցիչների հարցերին: Հյուսիսարևելյան սահմանագծում տեղակայված հենակետերից մեկում, որտեղ պետական սահմանի հսկողությունն իրականացնում են պայմանագրային զինծառայողները, պաշտպանության նախարարին զեկուցվել է մարտական հերթապահության արդյունքների և հայ-ադրբեջանական շփման գծի տվյալ հատվածում տիրող իրավիճակի մասին: Շրջելով խրամուղիներով` Սեյրան Օհանյանը ծանոթացել է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների ապահովվածությանը և կատարել է դիտարկում: Պաշտպանության նախարարի շրջայցի հաջորդ կանգառը սահմանամերձ Կոթի գյուղում էր: Վստահեցնելով բնակչությանը, որ գյուղի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է և կանխվում է հակառակորդի ցանկացած ոտնձգություն, Սեյրան Օհանյանն անդրադարձել է ս.թ. մարտի 3-ի դեպքին, երբ հայ զինծառայողների ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում բացահատվել և վնասազերծվել էր սահմանը խախտած ադրբեջանական զինյալ խմբավորումը: Դեպքի առնչությամբ Կոթիի բնակիչները պաշտպանության նախարարին են ներկայացրել իրենց կարծիքներն ու առաջարկությունները, առկա խնդիրներն ու մտահոգությունները: Հյուսիսարևելյան սահմանագոտի կատարած այցի ավարտին Սեյրան Օհանյանը եղել է նաև մեկ այլ զորամասում, որտեղ շտաբի նորակառույց շենքում ծանոթացել է շտաբային աշխատանքների կազմակերպանն ու իրականացմանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել