ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ

19 Փետրվարի, 2021 18:34
Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ և հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի  ուսումնական, լսարանային և զորանոցային պայմաններին:

Վաղարշակ Հարությունյանը զրուցել է նաև համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, պատասխանել կուրսանտների հարցերին:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտերի հետ, ներկայացրել զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները, պատասխանել կուրսանտներին հետաքրքրող հարցերին:

Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ հանդիպումների ընթացքում, կարևորելով ռազմական կրթության դերը զինված ուժերի հմուտ և բանիմաց սպայի կայացման գործում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:

  • Տարածել