Պաշտպանության նախարարի հերթական շրջայցերը

23 Մարտի, 2010 00:00
Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, տեղում ծանոթացել զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին և կիրակնօրյա միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը: Զրուցելով զինվորների հետ Սեյրան Օհանյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը:

2009-ը թվականին զորամասն արձանագրել է գոհացուցիչ արդյունքներ` դասվելով լավագույն զորամասերի շարքում, պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ 2010-ը նույնպես զորամասի համար կլինի հաջողությունների ու ձեռքբերումների տարի: Զորամաս կատարած այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև մարտական հենակետերում, շրջել է խրամուղիներով և ծանոթացել հենակետային պայմաններին ու մարտական հերթապահության արդյունքներին: Իսկ մարտի 22ից 23-ը պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել էր Սյունիքի մարզ: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը եղել է մարզում տեղակայված մի քանի զորամասերում, հրաձգարաններում և հակաօդային պաշտպանության հենակետերում: Շրջայցի ժամանակ հիմնականում քննարկվել են մարտական պատրաստությանը, զինծառայողների կենցաղային պայմաններին և ընթացող ու իրականացվելիք շինարարական աշխատանքներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարն ընդգծել է որ մարզում տեղակայված զորամասերը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները և սյունյաց աշխարհի ժողովուրդը քաջ գիտի զինվորի դերն ու նշանակությունը, մարզային համայնքների համագործակցությունն էլ բանակի հետ բարձր մակարդակի վրա է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել