ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն
18 Դեկտեմբերի, 2020 18:51Մարտական գործողությունների ընթացքում զինծառայողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած քաղաքացիական հոգեբան-մասնագետների հետ փոխգործակցության շրջանակներում հետագա անելիքները պլանավորելու նպատակով, դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, բուհական և քաղաքացիական բուժհաստատությունների, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների հոգեբան-մասնագետների հետ անցկացվել է խորհրդակցություն։
Խորհրդակցության մասնակիցները վերլուծել են մարտական գործողությունների ընթացքում զորքերում իրականացված հոգեբանական աշխատանքները, ներկայացրել հոսպիտալներում, քաղաքացիական բուժհաստատություններում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև ՀՀ զինված ուժերը համալրած անձնակազմի շրջանում իրականացված աշխատանքը, քննարկել հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ունեցող զինծառայողների վերականգնողական գործընթացը, պլանավորել համագործակցության հետագա քայլերը։
Խորհրդակցության ավարտին մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ խրախուսվել են պատվոգրերով։