Զինծառայողների զորանոցային պայմանների բարելավումը մշտապես ուշադրության կենտրոնում է
30 Մարտի, 2010 00:00Մարտի 30-ին ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի ունեցավ գումարտակի նորակառույց շտաբի և զորանոցի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, զորամասի անձնակազմը, դպրոցականներ: Արարողության ընթացքում Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային ու զորանոցային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները մշտապես գտնվում են հանրապետության և պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նույն օրը պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցել է ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, տեղում ծանոթացել է իր տված ցուցումների համաձայն կատարված աշխատանքներին: Նախատեսված է, որ զորավարժարանում 2011 թվականին կանցկացվի ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություն: Շրջելով զորավարժարանի տարածքում` Ս. Օհանյանը համապատասխան անձանց հետ քննարկել է զորավարժության նախապատրաստման, շինարարական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ կահավորման վերաբերյալ հարցեր:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն