Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
12 Ապրիլի, 2010 00:00ՀՀ ԶՈՒ զորամասերում իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մեկնարկի կապակցությամբ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցել են գիտության և մշակույթի գործիչներ, զինված ուժերի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնած «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում մտավորականության ուժերով ՀՀ ԶՈՒ զորամասերում կանցկացվեն հանդիպումներ, զրույցներ և դասախոսություններ, ինչի արդյունքում զինվորներները խորապես կծանոթանան հայ ժողովրդի մշակութային արժեքներին, պատմության կարևորագույն դրվագներին, ազգային գաղափարներին:
Առաջադրված թեմաները լայն ընդգրկում ունեն. հայ ժողովրդի պատմության հիշարժան էջերը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, հայ մշակույթի գանձերը, հայոց բանակը պատմության տարբեր փուլերում, ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջերը, ազգային գաղափարախոսության հիմնադրույթները, զինծառայողների հոգեբանության առանձնահատկությունները, այլ հարցեր: Ողջունելով հրավիրվածներին և շնորհակալություն հայտնելով ծրագրին արձագանքելու համար` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-հասարակության և բանակ-մտավորականություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառման մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք: Ս. Օհանյանն ընդգծել է, որ ծրագիրը տարիներ առաջ սկիզբ առած գործընթացի շարունակությունն է: Գործընթաց, որը պետք է իրականանա միասնական ջանքերով:
Միջոցառման ավարտին գիտության, կրթության և մշակույթի մի խումբ ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն