ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են «Էշելոն-2020» զորավարժությանը

17 Օգոստոսի, 2020 19:00
Օգոստոսի 17-ին Ռուսաստանի Դաշնության «Կապուստին Յար» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցների «Էշելոն-2020» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Մուխամեջան Տալասովը:

Նրա խոսքով զորավարժության գլխավոր նպատակներից մեկը նյութատեխնիկական աջակցության համատեղ գործողությունները  ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական  ուժերի շրջանակներում կատարելագործելն է, ինչը  բխոում է մեր պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին   օպերատիվ արձագանքելու շահերից:

Զորավարժությունների ընթացքում համատեղ գործողությունների շրջանակներում  կմշակվեն հատուկ առաջադրանքներ՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական  ուժերի ստորաբաժանումների նյութատեխնիկական աջակցությունների համար: Մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ ռազմական տեխնիկայի բեռնման և բեռնաթափման եղանակների, ռազմական գործողությունների տարածքներում ստորաբաժանումների նյութատեխնիկական համալրման, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում վնասված մարտական տեխնիկայի տարհանման, վերանորոգման և այլնի  կազմակերպման վերաբերյալ:

 Զորավարժությունը տևելու է օգոստոսի 17-ից 20-ը: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցությունը ապահովելու, ինչպես նաև զորավարժությանը ներգրավված անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքների գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 30 զինծառայող է ընդգրկվել:

 

  • Տարածել