ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ
4 Հուլիսի, 2020 16:34Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն մենք ժամանակ առ ժամանակ զինված ուժերի կիրառման պլանը քննարկում ենք ամենատարբեր ֆորմատներով: Ես այսօրվա քննարկման մեկնարկին շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ ունենք այսօր: Ուզում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն, որովհետև այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդն ըստ էության որդեգրել և հայատարարել է, դրանք կարող են իրականություն դառնալ ու շանս ունենալ, եթե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համարժեք են մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի են արձագանքել բոլոր մարտահրավերներին: Ընդ որում, մենք նկատի ենք ունենում ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ առումով ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական մարտահրավերները:
Բայց և ուզում եմ ընդգծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը և այսօր որդեգրված զարգացման տեմպը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես առիթ ունեցա այդ թեմայով խոսելու և արձանագրելու, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք և այն նպատակադրումները, որ մենք, ըստ էության, ունենք գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների բերումով, ծառայում են ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, կայունության ապահովմանը, այլև ակամա, թե կամա ստացվել է այնպես, որ ողջ տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: Եվ ես ուրախ եմ, որ մենք հենց այս շեշտադրումներով ենք ընկալում մեր և մեր Զինված ուժերի առաքելությունը Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում»: