Հայկական շքերթային շարակազմը Մոսկվայում
4 Մայիսի, 2010 00:00Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ ամյակի կապակցությամբ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին մասնակցելու նպատակով ապրիլի 30-ից Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում է հայկական շքերթային շարասյունը: Ստորաբաժանումը տեղակայված է Մոսկվայի Բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` զինվորականների կենցաղը, հանգիստը և պարապմունքները լիարժեքորեն կազմակերպելու համար: Նույն զինավանում տեղակայված են նաև Բելառուսի և Ուկրանիայի ներկայացուցիչները: Հայաստանից, Բելառուսից, Ուկրանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Ամերիկայից ժամանած զորախմբերն արդեն սկսել են նախապատրաստական պարապմունքները` ինչպես տեղում, այնպես էլ առավել հարմարեցված շարահրապարակներում: Զորախմբերի համատեղ հերթական փորձը տեղի է ունեցել զորահանդեսի անցկացման վայրում: ՀՀ ԶՈւ շարասյունը հանդիսավոր քայլերթով անցել է Կարմիր հրապարակով:
Մոսկվայում գտնվող հայկական ստորաբաժանման անձնակազմն այցելել է Հաղթանակի պուրակ և հարգանքի տուրք մատուցել 2-րդ աշխարհամարտում զոհված խորհրդային զինվորների հիշատակին: Հայ զինծառայողներն այցելել են նաև Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարան:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն