Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագրի միջոցառումների ամփոփմանը
22 Հունվարի, 2020 15:30Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտներ, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կանանց խաղաղապահ դասակի զինծառայողներ, ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կանանց հետ տարվող աշխատանքների գծով բաժանմունքի սպաներ, այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Ներկայացվել են 2019թ.-ին իրականացված միջոցառումները հետևյալ հիմնական ուղղություններով՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հանդիպումներ զինված ուժերի անձնակազմի հետ, վերապատրաստումներ կին զինծառայողների համար, իգական սեռի կուրսանտների և կին զինծառայողների կարիքների գնահատում և նրանց խնդիրների քարտեզագրում:
Կլոր սեղան-քննարկման մասնակիցները կարևորել են նմանաբնույթ միջոցառումների շարունակականության ապահովումը և նշել, որ համագործակցության շրջանակներում ձեռնարկված քայլերը նպաստում են պաշտպանական համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը: