Հունիսի 18-ին տեղի ունեցածը սադրիչ դիվերսիա է
21 Հունիսի, 2010 00:00Հունիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, խոսելով հունիսի 18-ի գիշերը Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողության վերաբերյալ, հայտարարել է.
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ռազմական հենակետի նկատմամբ կազմակերպված գործողությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է որպես սադրիչ դիվերսիա, որը նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակը ողջ հայ-ադրբեջանական շփման գծում և հրահրել ռազմական գործողությունների ծավալում: Նման գործողության համար ընտրված պահն ապացուցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները Ադրբեջանի համար լոկ քաղաքական շղարշ են հանդիսանում պատերազմի նախապատրաստման համար:
Այս դիվերսիոն գործողությունը գործնականում ապացուցում է նաև այդ պետության կողմից իր ռազմական դոկտրինում հայեցակարգային մակարդակով ԼՂ հիմնախնդրի լուծման ռազմական ուղու ամրագրումը:

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԼՂՀ հենակետի վրա հարձակումը, իսկ դա անհերքելի է, քանի որ հարձակվող կողմն այնտեղ թողել է մեկ դիակ, Ադրբեջանի ղեկավարությունը կազմակերպված դիվերսիա չի համարում և փորձում է ներկայացնել այլ լույսի ներքո: Եթե դա կազմակերպված դիվերսիա չի եղել, ուրեմն ինքնագործունեության արդյունք է, ինչն ապացուցում է մեր այն կանխատեսումները, որ իր սպառազինությունների և ռազմամթերքի քանակությունից ոգևորված Ադրբեջանի ղեկավարությունը չի կարողանում վերահսկել սեփական զինված ուժերի ստորաբաժանումները և նրանց հրամանատարներին:
Դա հղի է անկանխատեսելի հետևանքներով հենց Ադրբեջանի համար, քանի որ կարող է օրինակ հանդիսանալ և շղթայական ռեակցիայով ինքնակամորեն, առանց հրաման ստանալու կրկնօրինակվել նաև մյուս հրամանատարների կողմից: Ադրբեջանի կողմից ցանկացած ճանապարհով ռազմական գործողությունների ծավալման դեպքում ԼՂՀ զինված ուժերն արժանի հակահարված կտան, սակայն անհասկանալի է, թե հրահրելով պատերազմ, Ադրբեջանի իշխանություններն ինչպես են պատրաստվում ղեկավարել ինքնագործունեության էյֆորիայի մեջ ընկած սեփական հրամանատարներին»:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն