Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկներ հիշատակին
29 Հունիսի, 2010 00:00Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում «Եռաբլուր» պանթեոնը: Բացառություն չէր նաև այս տարին: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցելուները ծաղիկներ դրեցին նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Զորավարի շիրիմներին: Նույն օրը ՀՀ կոմպոզիտորների միության դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկների օրվան: Ելույթ ունեցողներն անդրադարձան արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին, հիշեցին կորցրած մարտական ընկերներին և խոնարհվեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի առջև:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ այս հիշատակի օրը ևս մեկ անգամ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց անձնազոհության, նվիրումի և հերոսական ոգու շնորհիվ կերտեցին մեր հաղթանակը: Անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին նախարարը վստահեցրեց, որ նրանց զավակների որոնման համար համապատասխան աշխատանքներ են իրականացվում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն