Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
30 Հոկտեմբերի, 2019 17:42Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Էլիսոն Չիքին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Էնթոնի Բրամուելին (նստավայրը ք. Թբիլիսի):
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմական կցորդին՝ առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը, որը ներառում է տարբեր ուղղություններ՝ խորհրդատվություն ռազմավարական մակարդակում, ռազմական կրթություն, մարտական պատրաստություն և այլն, գտնվում է բարձր մակարդակի վրա և շարունակում է կանոնավոր զարգանալ:
Տիկին Չիքն իր հերթին հաստատելով համագործակցությունը զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը, նշել է, որ այն կարևորվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: