ՀՀ ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
30 Սեպտեմբերի, 2019 17:57Հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արմեն Օրուջյանը (FAST) և Լևոն Պետրոսյանը («Հայ Տեք»):
«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:
«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:
Հուշագրով FAST հիմնադրամին վերագրված է ծրագրի բովանդակային աջակցության իրագործումը: FAST-ը կձեռնարկի նախազորակոչային տարիքի անձանց տվյալագիտության և արհեստական բանականության բնագավառների նախապատրաստական դասընթացներ, ինչի արդյունքում զորակոչիկներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար: FAST-ը նաև կզբաղվի ուսումնական դասընթացների մշակմամբ և կազմակերպմամբ, հետազոտությունների իրականացմամբ և նախագծերի կառավարմամբ:
Ծրագրի ժամանակացույցի համաձայն, առաջին երկու տարիների ընթացքում նախատեսված է ստեղծել զորակոչիկների կարողությունների առավելագույն օգտագործման և զարգացման կայուն մեխանիզմ: Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի մասնակիցների թիվը հասցնել 300-ի, իրականացնել մի շարք գիտահետազոտական նախագծեր, իսկ հինգ տարվա ընթացքում՝ հասնել արդյունքների առևտրայնացմանը: