Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը
18 Օգոստոսի, 2019 12:05Օգոստոսի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։ Գոհունակություն հայտնելով հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ և ընդգծելով դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, երկու պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ։